20/09/2024 16:22
«Ինչի՞ դիմաց է ՀԷՑ-ն անցել Կարապետյան Սամվելին, և ինչո՞ւ է այս վիճակը». Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Վերջին շրջանում հոսանքի անջատումներն այնքան շատ էին ու անբացատրելի, որ մեր հասարակության շրջանում կասկածներ կային՝ հնարավոր է, որ պատճառները քաղաքական են. Ազգային ժողովում «Էլեկտրաէներգիայի անջատումները՝ խնդիրներն ու լուծումները» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց՝ թեև պարզաբանել են, որ դրանք հրդեհի հետ են կապված եղել, բայց կցանկանար տեղեկանալ՝ արդյո՞ք ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը տիրապետում է այն տեղեկատվությանը, թե ինչ գնով է սեփականատերը ձեռք բերել Հայաստանի բաշխիչ ցանցերը։
«Ձեռքբերումից հետո ամենապահանջված պաշտոնյաները ձգտում էին դառնալ ՀԷՑ-ի տարածքային պաշտոնյաներ և կարճ ժամանակում հարստանում էին։ Ուզում եմ լսել՝ ունե՞ք տեղեկատվություն, թե ինչի դիմաց է նախկինում միանձյա սեփականությունն անցել Կարապետյան Սամվելին, և ինչո՞ւ է այս վիճակը»,-ասաց Քոչարյանը։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ինքը զերծ է մնում քաղաքական տեքստերից, իսկ հաճախակի անջատումները հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին եղել են այն պատճառով, որ միջազգային էներգետիկ կոորպորացիայում տեղի էր ունեցել մեծ հրդեհ։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ գնով է ձեռք բերել, ապա նշեց, որ դա իրենց չի հետաքրքրում։ «ՀԷՑ-ը 2012թ-ին մասնավորեցվել է 40 մլն դոլարով, իսկ դրանից հետո այդ ընթացքում ով ում ինչ է վճարել, չի հետաքրքրում»,-ասաց նա։
«Ձեզ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, հաջորդ հանդիպմանը ճշտեք, ասեք»,-ասաց Քոչարյանը։