20/09/2024 09:54
«Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի 28-29-ին Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետը հրավեր ստացել է, բայց մասնակցության հարցը դեռ քննարկում են:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Փաշինյանի կառավարական կաբինետի նախարարների խոսնակներից պարզել՝ արդյոք նրանք մասնակցելո՞ւ են սուրբ ծիսակատարություններին: Պարզեցինք, որ նախարարների մի մասը դեռ որոշում չունի, իսկ մյուսների խոսնակներն էլ դեռ չեն արձագանքել:
Միայն ցավակցական ու շնորհավորական ուղերձներ հղող ՀՀ նախագահի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ սեպտեմբերը ծանրաբեռնված է. ուստի դեռ որոշում չկա մասնակցության վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակից մեզ ևս ասացին, որ ստացել են Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը մասնակցելու հրավեր, սակայն մասնակցության վերաբերյալ հորդորեցին հետևել պաշտոնական լրահոսին:
ՔՊ-ական պատգամավորներից մի մասի խոսքով՝ Մայր Աթոռից իրենք դեռևս հրավեր չեն ստացել, իսկ ստանալու դեպքում չգիտեն՝ կգնա՞ն, թե՞ ոչ: Այսինքն՝ իշխանականներին անգամ եկեղեցական սուրբ արարողություններին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանի թույլտվությունն է պետք. ու հիմա ամբողջ թիմով սպասում են՝ տեսնեն իրենց ղեկավարը գնալո՞ւ է, թե՞ ոչ, նոր, ըստ այդմ, որոշում կայացնեն»։