20/09/2024 19:37
Եվրամիությունը սպառնում է կասեցնել Վրաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը
Եվրամիությունը դիտարկում է Վրաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը կասեցնելու հարցը, եթե երկիրը չվերադառնա «Եվրոպայի հետ մերձեցման ուղուն», - հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին՝ ճեպազրույցի ժամանակ։
«Եվրամիությունը ամենաբարձր մակարդակով մտահոգություն է հայտնել Վրաստանում զարգացող իրադարձությունների կապակցությամբ։ Բարեփոխումների փոխարեն, որոնք Վրաստանը մերձեցնում են Եվրամիությանը, ցավոք, վերջին ամիսներին տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք հեռացրին Վրաստանին ԵՄ-ից։ Մենք դա քննարկել ենք ԵՄ շրջանակներում, ԵՄ անդամները քննարկել են այդ հարցը, և մենք մի քանի ամիս առաջ հստակ ասել ենք, որ տարբերակների (պատժամիջոցների-խմբ․) թվում է նաև Վրաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացի ժամանակավոր կասեցումը»,- ասել է դեսպանը։
Նշենք, որ Վրաստան-Եվրոպա, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները վատացել են՝ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո։ ԱՄՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ կվերանայի հարաբերությունները Վրաստանի հետ, դադարեցրել էր Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, ԵՄ-ից էլ գործընթացը «եվրաինտեգրմանը դեմ» էին համարել։ Սեպտեմբերի 16-ին էլ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցների իր ցուցակում ներառել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիին, նրա երկու տեղակալներին և, ամերիկյան կողմի բնորոշմամբ, «ծայրահեղական խմբավորման երկու ղեկավարի», որոնք, իբրև, «մարդու իրավունքների լուրջ խախտումներ» են արել։ Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ձեռնարկատերերի, իրավապահների և օրենսդիրների։