21/09/2024 11:57
Չկարողացանք գտնել ազգային բանաձևը, որ պահենք մեր նվաճումները, բայց ամեն ինչ կորած չէ, անհնար ոչինչ չկա. Րաֆֆի Հովհաննիսյան
33 տարի մենք ունեցել ենք մեր վաստակը, մեր նվաճումները, բերկրանքի մեր պահերը, բայց չենք կարողացել գտնել այդ ազգային բանաձևը, որ պահենք այն. Անկախության տոնին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Անձնականը, հատվածականը, կուսակցականը, նախագահականը գերակայել է ազգայինի ու պետականի նկատմամբ: Մարտահրավերը մեր մեջ է, անհնար ոչ մի բան չկա: Պետք է արժանապատվությունը հետ բերել, հայրենիքը հետ բերել, անկեղծություն և քաղաքացիականություն հետ բերել մեր ժողովրդին»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մեր պատմությունը շարունակվում է: «Այստեղ ամփոփված են մեր ծնողները, որոնք տվեցին իրենց կյանքը ոչ թե վասն ոչնչի, այլ հայրենիքի համար: Մենք դա պետք է իմաստավորենք մեզ՝ փոխելով վերից վար, ձախից աջ իշխանությունից ընդդիմություն, կամ՝ շարունակենք այս հորձանուտի մեջ»,-ասաց նա: