21/09/2024 09:56
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա կրակոցների գործով մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործով միակ մեղադրյալ Հարություն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաև նրա պաշտպան Վաչե Դավթյանը։ Ասել է թե՝ իրավապահները, քննելով դեպքը, եկել են այն համոզման, որ նա չի կրակահերթ արձակել Ասիլյանի տան ուղղությամբ. ուստի հարց է առաջանում՝ ապա, ով կամ ովքեր կրակոցներ արձակեցին ՔՊ նախկին անդամի տան ուղղությամբ ու փորձեցին նրան բան «հասկացնել»:
Հիշեցնենք, որ կրակոցների դեպքից առաջ Ասիլյանին հեռացրել էին իշխող ՔՊ-ից։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործով միակ կալանավորվածի խափանման միջոցը փոխվել է, և նա ներկայումս ընդամենը վարչական վերահսկողության տակ է: Ու սա էլ դեռ քիչ չէ՝ միակ կալանավորվածը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։ Իսկ ահա, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որևէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով և չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:
Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 14-ին կրակոցներ էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա, ու դատելով իրավիճակից՝ դեպքը մնում է չբացահայտված»։