21/09/2024 09:27
«Հրապարակ». Փոշմանել են․ ՔՊ-ն չի տեղափոխվելու կառավարությանը կից գրասենյակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2022 թվականից Կառավարության շենքի մոտակայքում՝ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքի առաջին հարկը ՔՊ-ն վարձակալել էր և ամիսներ շարունակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Տարածքն անգամ կահավորել էին, բարեկարգել, դիմացի մայթը հիմնովին փոխել, աղբամանները հեռացրել, որ ՔՊ-ն Սայաթ Նովայի գրասենյակից տեղափոխվի կենտրոն` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հարևանությամբ: Ամիսներ առաջ նորոգումն ավարտվել է, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի տեղափոխվել:
Տեղեկացանք, որ փոշմանել են` չեն տեղափոխվելու Կառավարությանը կից գրասենյակ և այդ տարածքի վարձակալության պայմանագիրը չեղյալ է արել: Այժմ 843,83 քմ մակերեսով տարածքի վարձակալության համար նոր մրցույթ է հայտարարվել՝ Պետգույքի վարչության կողմից: Տարածքը կտրամադրվի 10 տարի ժամկետով, ամսական նվազագույն վարձավճարը սահմանված է 10,3 մլն դրամ: Պատճառը մենք չկարողացանք պարզել: Հավանաբար ՔՊ-ում չեն ուզում խոշորացույցի տակ գտնվել, որ ամեն վայրկյան ընդդիմադիր ուժերը տեսնեն, թե ով մտավ, ով դուրս եկավ գրասենյակ»։