22/09/2024 16:26
Ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Տարոն Պողոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել քարերին, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Գայանե Ա.-ն, 10-ամյա Սվետլանա Պ.-ն և 8-ամյա Նարե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գայանե Ա.-ն՝ Գյումրու բժշկական կենտրոն, իսկ երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ մխրճվեր ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ ու այն ավելի ծանր հետևանքներ ունենար։Հիվանդանոցներից էլ հայտնել են, որ վիրավորների կյանքի վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխաներն են։