23/09/2024 11:47
Եկեղեցին վերջին միջազգային փաստաթղթերում պիտակավորվում է որպես «կարծրատիպ», ինչը գլոբալիզմի համատեքստում է. Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային և ավանդական արժեքները, այդ թվում՝ եկեղեցին, վերջին միջազգային փաստաթղթերում առավելապես պիտակավորվում են որպես «կարծրատիպեր», ինչը ամբողջությամբ գլոբալիզմի համատեքստում է: Այս միտումը չի շրջանցել նաև քաղաքական կյանքը, ինչի վառ ապացույցն է այն, որ գրեթե բոլոր երկրներում. անգամ՝ պահպանողական Անգլիայում, ավանդական կուսակցությունները կտրուկ մերժվում են:
Սա հրամցվում է իբրև նորի ակնկալիք, մինչդեռ՝ այդ մթնոլորտի ճարտարապետները, թերևս, ստույգ հաշվարկել են, որ նույն հաջողությամբ մերժվելու է նաև նորը: Այսպիսով, եկեղեցու դեմ ելած քաղաքական ուժերին սպասվում է իրենց իսկ որդեգրած ճակատագիրը: Խնդիրն այն է, որ իրենց տեսլականով մարդն այլևս չպետք է հակված լինի ազգային-ավանդական համակարգում որևէ հենակետ փնտրելուն:
Այս հակասական ու բարդ շրջանում մենք պետք է ոչ թե պարծենանք նույն այդ արժեքների նսեմացման առաջամարտիկի, ըստ էության, փորձադաշտի դեր ստանձնելով, այլ դրանք առավել համակարգված ու հետևողական պաշտպանելու ռազմավարություն առաջադրելով: