23/09/2024 17:00
Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է, դրանում շուտով կհամոզվեք բոլորդ․ Փաստաբաններ
Սերոբ Գասպարյանի փաստաբանները հայտարարություն են տարածել․
«Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ։
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Գուրգեն Գրիգորյան,
Էրիկ Ալեքսանյան»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին կալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը՝ «իշխանության յուրացման նախապատրաստության» մեղադրանքով։