23/09/2024 10:14
44-օրյայից հետո Շուշիի և Քաշաթաղի ուղղությամբ տեղակայված թուրքական ստորաբաժանումները հրադադարից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ․ Աբրահամյան
2023 թվականի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որն այդ օրերին առանձնապես քննարկումների առարկա չդարձավ, այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա պատմել է, որ Արցախում ծանր մարտերից հետո հրադադար հաստատվեց, սակայն դրան հաջորդող մի քանի օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում Ստեփանակերտի մատույցներում ադրբեջանական գործողությունների մասին:
Ըստ պատգամավորի, խոսքն այն մասին չէր, որ ադրբեջանցիները Ստեփանակերտի տարբեր թաղամասերի մոտակայքում շրջում էին, այլ կոնկրետ գործողության, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, թուրքական «Կոմանդոների» մասնակցությամբ էր եղել:
«Թուրքական ստորաբաժանումները, որոնք 44-օրյա պատերազմից հետո տեղակայվել էին Շուշիի և Քաշաթաղի ուղղությամբ, հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ:
Բացի նրանից, որ ներխուժման փորձը հայկական ուժերի կողմից կատաղի դիմադրության էր հանդիպել, հատկապես շատ արդյունավետ մեր դիպուկահարներն էին գործել, այլ թուրքական և ադրբեջանական հրամանատարության համար կոնֆլիկտի պատճառ էր դարձել:
Մինչև այժմ դեռ անհայտ պատճառներով, թուրքերը, իմ տպավորությամբ, ադրբեջանցիների հետ չհամաձայնեցված ինչ-որ գործողություն էին նախաձեռնել, որը հետագայում Բաքվի՝ Անկարա զանգերի պատճառ դարձավ:
Միգուցե, թուրքերը խնդիր ունեին ցույց տալու, որ այդ օրերի նաև օպերացիայի ակտիվ մասնակից են` նպատակ ունենալով թեման Բաքու-Անկարա առևտրում օգտագործել: Միգուցե դա այն թեմայի էլեմենտներից էր, որը ամիսներ առաջ արտացոլվեց Բաքու-Անկարա քաղաքական փոխհրաձգությամբ, երբ Էրդողանը 44-օրյա պատերազմում իր երկրի մեծ դերի մասին էր խոսել, իսկ Ադրբեջանից փորձում էին հերքել:
Տեղի ունեցած ողբերգությունը դեռ հնարավորություն չի տվել ամբողջությամբ գնահատելու այն իրադրությունը, որը ձևավորվել էր 2020-ի պատերազմից հետո և արտացոլվել մինչև 2023 թվականի սեպտեմբեր, սակայն այս մասով ևս խորքային ուսումնասիրության խիստ կարիք կա», - գրել է Աբրահամյանը: