23/09/2024 21:15
ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը կառավարությանը հուշում է՝ ինչպես է պետք պահպանել Հայաստանի բուսական աշխարհի գենետիկական ռեսուրսները
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են՝ ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը կառավարությանը ներկայացրել է բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ․
1․ՀՀ բուսական աշխարհի սեփական ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքը, այն է՝ գենետիկական ռեսուրսների պահպանման, կայուն օգտագործման և մատչելիության հետ կապված հարցերն անհրաժեշտ է կարգավորել ներազգային օրենսդրությամբ:
2․Հարկ է հստակ տարանջատել ինչպես գենետիկական ռեսուրսների սեփականության և փաստացի տիրապետման ռեժիմները, այնպես էլ սեփականության կամ փաստացի տիրապետման իրավունքների սուբյեկտները։
3․Գենետիկական ռեսուրսների մատչելիությունը, տարբեր պետությունների հետ դրանց փոխանցման պարագայում հետագծելիության կառավարումը, դրանց օգտագործումից ստացված օգուտների արդար և հավասար հիմունքներով համատեղ օգտագործումը պետք է իրականացվի համաձայն ներպետական օրենսդրության, կառավարելի ռիսկերով և առաջնորդվելով երկրի ազգային շահով։
4․Գենետիկական ռեսուրսների հավաքն անկախ նպատակից՝ առևտրային, գիտահետազոտական և այլն, չպետք է վտանգի բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը:
5․Հավաքող կողմը պետք է ունենա գրավոր համաձայնություն, որը կսահմանի տվյալ գենետիկական ռեսուրսների ծագման երկրի գործադիր մարմնի նախապես հիմնավորված համաձայնությունը, գենետիկական ռեսուրսների հավաքման տարածքը, հավաքելու արդյունքում ակնկալվող օգուտների ձևերը և չափերը, տվյալ գենետիկական ռեսուրսների հավաքի ժամկետները, նպատակները:
6․Հավաքող կողմը պետք է ունենա գրավոր համաձայնություն, թե ինչ պայմաններով կարող է ձեռք բերված գենետիկական նյութը տարհանել կամ փոխանցել այլ կողմի:
7․Նախապես կնքված պայմանագրի և նախատեսված պայմանների չկատարման կամ խախտման դեպքերում կիրառել տուգանքներ, դիտարկել պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման և այլ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություններ, մշակել պայմանագրից ծագած վեճերի արդյունավետ լուծման մեխանիզմներ: