24/09/2024 23:17
Սպիտակարյունություն. Վաղ բուժումն առավել արդյունավետ է
Լեյկեմիան օրգանիզմի արյունաստեղծ հյուսվածքների, այդ թվում՝ ոսկրածուծի և ավշային համակարգի քաղցկեղն է:
Լեյկոզը սովորաբար ներառում է արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ): Արյան սպիտակ բջիջները վարակի դեմ պայքարող մասնիկներ են, որոնք սովորաբար աճում և բազմանում են կանոնավորված, երբ օրգանիզմը զգում է դրանց կարիքը: Սակայն, լեյկոզով հիվանդ մարդկանց մոտ ոսկրածուծն արտադրում է արյան ոչ նորմալ (ախտաբանական) սպիտակ բջիջների ավելցուկային քանակություն, որոնք պատշաճ ձևով չեն գործում: Մեծաքանակ ոչ նորմալ բջիջները մուտք են գործում արյան հուն և խառնվում-փոխարինում առողջ բջիջներին, որի արդյունքում օրգանիզմում պակասում են առողջ արյան բջիջները, ինչն էլ բերում է ախտանիշների առաջացմանը։ Ախտահարված բջիջները նաև կարող են կուտակվել տարբեր օրգան համակարգերում՝ լյարդ, փայծաղ, թոքեր, երիկամներ կամ ուղեղ։
Լեյկոզի բուժումը կարող է լինել բարդ՝ կախված լեյկոզի տեսակից և այլ գործոններից: Սակայն կան մոտեցումներ և միջոցներ, որոնք կարող են օգնել բուժումը հաջող դարձնելուն: Վաղ բուժումն առավել արդյունավետ է՝ հատկապես հիվանդության սուր ընթացքի ժամանակ:
Կախված լեյկոզի (լեյկեմիայի) տեսակից, կարող են զարգանալ ամենատարբեր ախտանիշներ:
Լեյկոզի ախտանիշները կախված են ախտահարված արյան սպիտակ բջիջների թվից և այն հանգամանքից, թե որտեղ են դրանք կուտակվում: Ի տարբերություն սուր լեյկոզի, քրոնիկ ընթացքի ժամանակ վաղ ախտանիշները կարող են բացակայել, իսկ հիվանդությունը հայտնաբերվի պատահականորեն արյան ընդհանուր քննությամբ:
Լեյկոզի ամենատարածված ախտանիշներից են՝
մշտական հոգնածության զգացում և թուլություն,
անեմիայի նշաններ՝ գունատություն, թուլություն, հևոց,
հաճախակի կամ ծանր վարակներ, օրինակ՝ ստոմատիտներ, վերքերի և քերծվածքների թարախակալում,
հեշտ արյունահոսում (օրինակ՝ քթային արյունահոսություններ) կամ արյունազեղումներ (կապտուկներ),
առատ քրտնարտադրություն, հատկապես գիշերային ժամերին,
չնախատեսված քաշի կորուստ:
Լեյկոզի ավելի հազվադեպ հանդիպող ախտանիշներից են՝
դող կամ սարսուռ,
ոսկրային ցավ,
ետկրծոսկրային ցավեր,
կետային (պետեխիալ) ցանավորում,
գլխացավեր կամ տեսողության խնդիրներ,
փսխումներ,
փայծաղի կամ ավշային գեղձերի մեծացում:
Լեյկոզի ախտանիշները հաճախ անորոշ և ոչ առանձնահատուկ են: Լեյկոզի վաղ նշանները կարող են նմանվել ընդհանուր մրսածության կամ այլ տարածված հիվանդությունների ախտանիշներին: Երբեմն լեյկոզը հայտնաբերվում է այլ առիթով կատարված արյան թեստի միջոցով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն