24/09/2024 11:04
Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ. ՍԴ նախագահը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության մասին (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանում մեկնարկում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ միջազգային որևէ պայմանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի, չի կարող առանց Սահմանադրական դատարան անցնելու գնա վավերացման։
«Եթե մի բան պետք է վավերացվի՝ չի կարող չգալ Սահմանադրական դատարան, եթե կա մեկ միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն ինքը Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ կանոնակարգը հակասում է Հայաստանի շահերին՝ Դիլանյանն ասաց, թե Բարձր դատարանը հենց դրա համար է հավաքվել, որ որոշի՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում։
«Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ»,- նշեց ՍԴ նախագահը։