24/09/2024 15:19
Վահագն Խաչատուրյանը «Ռուսական երկաթուղիներ» և ՀԿԵ ընկերությունների ղեկավարներին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն - խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը պարգևատրվել են Երախտագիտության մեդալներով։
Ինչպես նշված է նախագահի հրամանագրում, մեդալները շնորհվել են «հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և 2024 թվականի մայիսին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքների վերացման գործում նշանակալի ավանդի համար»։
Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտակրթական, հասարակական ոլորտներում ծավալած գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտների զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա նվիրված և արդյունավետ աշխատանքի համար:
2024 թվականի մայիսի 25-ին երկարատև տեղումների հետևանքով, որին հաջորդել է Դեբեդ գետի վարարումը, տեղի է ունեցել բնակավայրերի ջրածածկում, ինչպես նաև վնասվել են ավտոճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքները, այդ թվում ՝ 1800 մ գծային ճանապարհ, կոնտակտային ցանցի 45 հենասյուներ, մի շարք քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման խափանում, երկաթուղային ավտոմատացման միջոցների վնասում։ Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել է հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցերը, կապի համակարգերը և քարշային ենթակայանները։ Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։ «Ռուսական երկաթուղիներ» և ՀԿԵ ընկերությունները ավելի քան 800 մլն դրամ են հատկացրել ավերիչ աղետի հետևանքները վերացնելու համար։