24/09/2024 14:27
Լճաշենը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքի, այլև երկրագնդի ամենահին բնակավայրերից մեկն է, որտեղ զարգացել է մարդկային քաղաքակրթությունը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)
1930-ականներին սկսված արդյունաբերականացման քաղաքականության շրջանակներում Սևանա լճի մակարդակն արհեստականորեն իջեցվել է, ինչի հետևանքով 1950-ականներին Սևանի ափին գտնվող Լճաշեն գյուղում հնագետները գիտական «գանձարան են» հայտաբերել` Լճաշենի հնավայրը: Թե Լճաշենի կիկլոպյան ամրոցը, և թե հնավայրի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտը խոսում են նրա մասին, որ Լճաշենը մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից է: Խորհրդային տարիներին, անգամ, ԽՍՀՄպատմության դասագրքերում գրված էր, որ Խորհրդային Միության տարածքի հնագույն բնակավայրը Լճաշենն է: Հիրավի, հնավայրի տարածքում պեղված դամբարանից հանված պատմագիտական նմուշները համաշխարհային մասշտաբով եզակի գտածոներ են, որոնց պահպանումը հնարավոր է եղել մեծապես այն պատճառով, որ Սևանա լճի մակարդակը ժամանակին բարձրացել է և իր ալիքների պահպանության ներքո է առել հնավայրը` պաշտպանելով այն տարատեսակ գանձագողերից և օտար զավթիչներից:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Լճաշենի կիկլոպյան ամրոցը Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնաբերված նմանատիպ կառույցների շարքում աչքի է ընկնում հատկապես պատերի հաստությամբ, ինչը վկայում է, որ ամրոցը պաշտպանական մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն բրոնզեդարյա ժամանակաշրջանում, այլև դրան հաջորդած պատմական շրջափուլերում: Ուշագրավ է, որ Լճաշենի դերակատարությունը Սևանի ավազանի վաղպետական միավորումների շարքում այնքան մեծ է եղել, որ Ուրարտուի մի քանի արքաներ Սևանի ավազանի բնակավայրերը նվաճելուց հետո Լճաշենում արձանագրություններ են թողել, որոնց մի մասն այսօր էլ պահպանվում է հենց Լճաշեն համայնքի տարածքում: Ինչ վերաբերվում է Լճաշենի դամբարանադաշտից հայտնաբերված «ցեղապետի» դամբարանին, ապա ժամանակակից պատմագիտությունը հակվում է այն տեսակետին, որ հաշվի առնելով դամբարանում թանկարժեք գտածոների քանակը, և ընդհանրապես` դամբարանի ճոխությունը, պետք է արձանագրել, որ գործ ունենք ոչ թե ցեղապետի, այլ տեղական արքայի կամ վաղպետական այլ բարձր կարգավիճակ ունեցող կառավարչի դամբարանի հետ:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ ջրային ավազանները մարդկային քաղաքակրթությունների ծագման հիմքն են, և պատահական չէ, որ քաղցրահամ Սևանա լճի ափին, ինչպես նաև Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի կիճերում զարգացած քաղաքակրթություն է ծագել: Հայոց պատմության վաղ շրջանի ուսումնասիրությունն անհնար է առանց Լճաշենի, և ընդհանրապես` Սևանի ավազանի բնակավայրերի հիմնադրման ու զարգացման տրամաբանությունը հասկանալու: Մեր օրերում էլ Լճաշենի տարածքում կարևոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվում, ինչը վկայում է, որ Լճաշենի հնավայրը պատմության և մարդաբանության համար դեռ ամբողջապես չի բացահայտել իր «գաղտնիքները»:
Լճաշենի հնավայրի, կիկլոպյան ամրոցների և Վանի արքաների թողած արձանագրությունների պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։