24/09/2024 17:21
Միրզոյանը Սիերա Լեոնի արտգործնախարարին ներկայացրել է՝ ինչ ջանքեր են իրենք գործադրում «խաղաղության» պայմանագրի կնքման ուղղությամբ
ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարաածել, որում նշված է․
«Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիերա Լեոնի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ:
Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիերա Լեոնի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական անդամ և ՄԱԿ ԱԽ մանդատը միջազգային կայունության ու խաղաղության պահպանման հարցում։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն, արդար և համապարփակ խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Հայաստանի և Սիերա Լեոնի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ գործընկերության ընդլայնման ՀՀ շահագրգռվածությունը»: