24/09/2024 18:37
Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության անդամ
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ որպես Հայաստանի առաջին գիտական հաստատություն, դարձել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ, հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ հաղորդագրության՝ IUCN-ի անդամակցության համար հիմք է դարձել ինստիտուտի կողմից բազմապիսի ազգային ու միջազգային նշանակության կենսաբազմազանության և վայրի բնության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը։
1948 թվականին ստեղծված IUCN-ն այժմ աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցն է, որը միավորում է ավելի քան 160 երկրի 1400 պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Նպատակն է տրամադրել աջակցություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, ապահովելու բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործումը։ IUCN-ը գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները, ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։