24/09/2024 18:04
«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցախի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասին
«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանը, որն ուներ «Ապագայի սամիթ» խորագիրը, առիթ էր խոսելու այն մասին, որ ապագայում չպետք է լինեն ապօրինաբար պահվող գերիներ, պատանդներ, սակայն այդ մասին չխոսվեց։ Հետևաբար, արդարացվում են մեր մտահոգությունները, որ Հայաստանի իշխանությունը, առնվազն քաղաքական մակարդակում, պատշաճ աշխատանքներ չի տանում Բաքվում պահվող պատանդների և գերիների վերադարձի համար։
Տարբեր նախաձեռնություններ՝ լինի նաև սփյուռքում, թեկուզ ոչ հայերի կողմից, Օկամպոյի օրինակով եմ ասում, այս ժամանակահատվածը՝ COP-29-ից առաջ, փորձում են օգտագործել այդ թեման կարևորելու և դրա մասին անընդհատ խոսելու համար։ Բայց ունենալ նման հնարավորություն՝ ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել դրա մասին, ուղղակի անտրամաբանական եմ համարում»,-168.am-ի հետ զրույցում նշել է Գեղամ Ստեփանյանը։
Հարցին՝ եթե ՀՀ իշխանությունը պաշտոնապես վերը նշված խնդիրների մասին չի բարձրաձայնում, Արցախի իշխանությունն ի վիճակի՞ է միայնակ այդ հարցերն առաջ տանել, Գեղամ Ստեփանյանը պատասխանել է՝ հիմնական խոչընդոտներից է հանդիսանում, հատկապես, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ հետաքրքրվում են, թե ինչու ՀՀ իշխանությունը պաշտոնական մակարդակով չի բարձրաձայնում այդ հարցերը։
«Վերջերս էլ երբ բարձրաձայնեցի գերիների, արցախահայերի վերադարձի մասին, միշտ կա հարցադրումը, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունը պաշտոնական մակարդակով այդ հարցերի մասին չի խոսում։ Կարող եմ ասել, որ սա լրջագույն խնդիր է, որը կոնկրետ ինձ համար միշտ խոչընդոտներ է ստեղծում։
Հիմա, եթե Հայաստանի իշխանությունը մեր խնդիրների մասին չի խոսում, մեր կողմից լռությունը ճիշտ չէ։ Օրինակ, ինքս տարբեր հանդիպումներում հետևյալն եմ ասում, որ եթե ՀՀ իշխանությունը չի խոսում, արդյոք դա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որպեսզի միջազգային հանրությունը, որը նաև պատասխանատվություն ունի մարդու իրավունքների օրակարգի համար, ինքը ևս լռի։ Իհարկե, ցանկալի ու առաջնային կարևորություն կունենա, եթե ՀՀ իշխանությունը խոսի այդ մասին, բայց չի խոսում։ Մենք շարունակելու ենք խոսել և այս հարցերը պահել օրակարգում, մինչև ՀՀ իշխանությունն այս հարցերը կվերադարձնի օրակարգ։
Կրկնում եմ՝ սա իրապես լրջագույն մարտահրավեր է մեզ համար։ Փաստացի՝ այսօր Հայաստանը միայն իրավական հարթակում է, որ շարունակում է պահպանել Արցախի հետ կապված որոշակի հարցեր։ Չնայած տարբեր պաշտոնյաների կողմից լսում ենք, որ հնարավոր է՝ իրավական հարցերն էլ հետ կանչեն։ Եթե այդպես լինի, դա կլինի տապանաքարն Արցախի հարցի մասով»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը նաև փոխանցել է՝ արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանությունն ունի աջակցություն տարբեր միջազգային կառույցների կողմից, իր միջազգային այցերի ընթացքում դրանում համոզվել է։
«Միանշանակ կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ այս հարցերը չպետք է անտեսվեն, որ առանց այդ հարցերի հասցեագրման՝ խաղաղության հասնելը երկարաժամկետ չի կարող լինել։ Այդ ըմբռնումը կա տարբեր դերակատարների մոտ։ Հեռու չգնանք, ամենավառ օրինակը Կանադայի արտգործնախարարի վերջին հայտարարությունն է։ Կանադան համարում է, որ Արցախի հակամարտությունը կարգավորված չէ, բայց Հայաստանից դրա մասին չեն խոսում։ Նման աբսուրդային իրավիճակում ենք»,- եզրափակել է Գեղամ Ստեփանյանը։