24/09/2024 09:34
«Ժողովուրդ». Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է արցախահայերի էթնիկ զտման օրը «Ցեղասպանության օր» հռչակելու նախաձեռնությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման և արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը «Ցեղասպանության օր» հռչակելու նախաձեռնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախյան պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի պատգամավորները փորձել են Արցախի ԱԺ նիստ հրավիրել, իսկ օրակարգային միակ հարցը եղել է սեպտեմբերի 19-ը արցախահայերի դեմ իրականացվածը ցեղասպանության օր հռչակելը: Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական պատգամավորները, սակայն, նիստին չեն եկել ու քվորում չեն ապահովել, ինչի պատճառով նախաձեռնությունը տապալվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Անհասկանալի է՝ ինչու այդ խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին, պատճառները հայտնի չեն, ընդ որում՝ իրենց պատգամավորներից մեկը նախագծի համահեղինակն է: «Միասնական հայրենիք»-ից միայն ԱԺ փոխնախագահ Գագիկն Բաղունցն էր ներկա, ով եկել էր նիստը անցկացնելու համար, բայց 17 պատգամավոր չհավաքվեց, քվորում չեղավ»,- ներկայացրեց Արցախի ԱԺ պատգամավորը:
«Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Արցախի ԱԺ-ն հիմա ունի 32 պատգամավոր, մեր խմբակցությունը 8 պատգամավոր ունի, իսկ 17 պատգամավորի ներկայության դեպքում կարող էին քվորում ապահովել. ո՞ւր էին մյուս պատգամավորները: Իհարկե, կարելի է ամեն ինչ «Միասնական հայրենիքի» վրա բարդել…. Թող իրենք հավաքվեն, 17 պատգամավորով քվորում ապահովեն: Ես տեղյակ էլ չեմ եղել, որ նիստ է լինելու, կարող է զանգել են, ես չեմ նկատել», – ասաց նա»։