24/09/2024 23:07
«Ջոն» փոթորիկը հասել է Մեքսիկա, 3 000 մարդ է տարհանվել աղետի գոտուց
«Ջոն» փոթորիկը հասել է Մեքսիկա և մոլեգնել երկրի հարավային շրջաններում, որտեղ հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ են գրանցվել, հայտնում է Associated Press-ը։
Քամիների ուժգնությունը հասել է190 կմ/ժ-ի, փոթորիկը երրորդ աստիճանի ուժգնության է։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը աղետի գոտում գտնվող քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրենց տները և գնալ ապաստարաններ։ Տեղական իշխանությունները տարհանել են 3 հազար մարդու և նրանց տրամադրել ավելի քան 800 ապաստարան։
Հիդրոօթերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ առաջիկա երկու օրերին հորդառատ տեղումները շարունակվելու են։ Փոթորիկների հետազոտության ամերիկյան ազգային կենտրոնն իր հերթին նախազգուշացրել է հնարավոր հեղեղումների, ջրհեղեղի վտանգի մասին։