25/09/2024 12:15
ԱՄՆ պետքարտուղարը վաղը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ՝ առաջ մղելու այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ», «Թուրան»-ի վաշինգտոնյան թղթակցին հայտնել են իրավիճակին տեղյակ երկու աղբյուրներ:
«Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչպիսին կլինի «վերջնական փուլը» կամ ինչպիսին կարող է լինել դրա հնարավոր ելքը։ Այս մասին Պետդեպարտամենտը որևէ մեկնաբանություն չի տվել»,- գրել է գործակալությունը:
Նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովին:
Բլինքենը վերջերս առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ողջունել կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատումը կարգավորելու համաձայնագիրը: