25/09/2024 14:24
Ընտրություններից 40 օր առաջ Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին. Հայ դատի հանձնախումբ
ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը։ Դրանում Հարիսը աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաև նկատել է․ «մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաև՝ հանձնառու է «Հայաստանի և իր հարևանների միջև ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղությանը հասնելուն»:
Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի հայտարարությանը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Որպես փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար՝ ԱՄՆ առաջնորդությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խոսել (ամերիկահայերի, ոչ թե ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային «ճոճվող» նահանգներում: Հատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը և հարձակումը Արցախի վրա, մատ անգամ չբարձրացրեց և նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ․ Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Նույնիսկ քարոզարշավի հռետորաբանության մակարդակով նա ոչ մի բառ չի ասել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական սպառազինությունն ու օժանդակությունը դադարեցնելու կամ այլ կերպ Բաքվին, իր հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Քաղաքական գործիչները՝ նախագահական թեկնածուները և այլն, չեն կարող դիրքավորվել որպես հայերի բարեկամներ՝ միաժամանակ հրաժարվելով պատասխանատվության ենթարկել Ալիևին կամ չկարողանալով զսպել ադրբեջանական ագրեսիան»։
Շաբաթներ առաջ, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմերին ուղղված քննադատությամբ։ Հանձնախումբը, հաշվի առնելով նբախընտրական ժամանակահատվածը, ընտրական մրցապայքարի կողմերին առաջարկել էր կոնկրետ գործողություններ, որոնք էական նշանակություն կունենան հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից, մասնավորապես՝ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության անհապաղ վերացում, ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանում, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի երաշխավորում, արցախցի փախստականներին մարդասիրական օգնության էական աճ և այլն։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախընտրական զարգացումների ներկա փուլում ամերիկահայերը կարող են առանցքային դեր ունենալ 2024 թ․ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, հատկապես մի շարք առանցքային կարևորության նահանգներում, որտեղ թեկնածուների ձայները չափազանց մոտ են իրար, մասնավորապես Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում։ Այդ նահանգներում առկա են հայահոծ խոշոր համայնքներ: