25/09/2024 13:43
Դեմքի նամռոտ արտահայտությամբ գնա՞, դա դիվանագիտություն է, ժպիտի մեջ ի՞նչ կա. ՔՊ-ականը` Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանին Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման մեջ տպավորել է այն, որ ՀՀ վարչապետը նրան ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» փաստաթուղթը:
«Դրա վրա պետք է շեշտադրում անել և ոչ թե կենտրոնանալ, թե որտեղ էր հանդիպումը, ժպտում էր, թե չէր ժպտում, կամ չգիտեմ՝ ինչպես էր պահել գիրքը։ Դրանք, իմ կարծիքով, երկրորդական հարցեր են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Թունյանի՝ շատ ավելի կարևոր է, երբ Հայաստանը փորձում է իր սահմանակից, ոչ փոքր տերության հետ հարաբերությունները կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից:
«Դա մեր նպատակն է, եթե դա հաջողվի` Հայաստանը դրանից միայն կշահի, իսկ գիրքը պահել-չպահելը երկրորդական հարց է: Այսինքն` եթե մարդը գնում է հանդիպման որևէ երկրի ներկայացուչի կամ ղեկավարի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, ինքը պետք է դեմքի նամռոտ արտահայտությամբ և չուզելո՞վ գնա: Դա դիվանագիտություն է, ժպիտի մեջ ի՞նչ կա»,- ասաց Թունյանը: