25/09/2024 10:22
«ՀՀ-ն պետք է վերացնի խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը»․ Բայրամովը՝ Արաղչիին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ։
Ընդգծվել է տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի գործունեության կարևորությունն Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի բացահայտման աշխատանքներում:
Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Բայրամովը կրկին նշել է, թե «Հայաստանը պետք է վերացնի խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը»՝ կրկին հիշատակելով ՀՀ Սահմանադրությունը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը իրանական կողմին հայտարարել է, թե «Հայաստանում շարունակվում են արագ տեմպերով ռազմականացվել՝ դա որակելով ռևանշիստական միտումներ»։
«Սա վնասում է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման մեր ջանքերին»,- ասել է Բայրամովը։
Նա նաև ավելացրել է, որ «ՀՀ-ն պետք է վերացնի խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը։ Վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է»։