25/09/2024 11:23
Անելու ենք հնարավորինը՝ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար. Պապիկյանը՝ Կիպրոսի պաշտպանության նախարարին
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդիպել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում, քննարկում են ունեցել պաշտպանական համագործակցության զարգացման և անվտանգային հարցերի շուրջ։
«Ամրագրեցինք, որ թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»,- հանդիպումից հետո համատեղ հայտարարության ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարն ասել է, որ կարևորում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը միտված է մարտահրավերներին դիմակայելու պատրաստությանը։
«Այս ամենով չենք սահմանափակվելու, անելու ենք հնարավորինը ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար»,-ասել է Պապիկյանը։