25/09/2024 19:14
Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրգործը․ Իրավապահների ուշադրության ներքո է հայտնվել Սյունիքում Բագրատ Սրբազանին ջերմ ընդունելուց հետո
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը քաղաքական է համարում իրեն առնչվող քրեական գործը՝ այն կապելով Բագրատ Սրբազանին ջերմ հյուրընկալելու հետ։
«Իմ կարծիքով, այո, քաղաքական գործընթացներ այստեղ հնարավոր են, որովհետև քրեական վարույթը նախաձեռնվում է անմիջապես դրանից 1-2 ամիս հետո ու դրանից հետո էլ որոշակի զարգացումներ կան՝ կապված Կապանի «Նորոգշին»-ի այլ գործընթացների հետ: Էլի քրեական վարույթ է նախաձեռնվում առանձին: Այո, ես հնարավոր եմ համարում քաղաքական գործընթացները», - «Ազատության»-ն ասել է Փարսյանը։
Գևորգ Փարսյանը պատմել է, որ «իրավապահներն իրեն են ներկայացրել քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշումը, փաստաթղթեր են առգրավել։ Գործը հարուցվել է իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով գնումների ժամանակ չարաշահումներ թույլ տալու հոդվածով, համայնքապետարանը շինարարական գնումներն իրականացրել է Փարսյանի ընտանիքին պատկանող «Նորոգշին» ընկերությունից։
Ինքը՝ քաղաքապետը, չի հերքում, որ 1998-ից գործող ընկերությունը մասնակցել է համայնքի հայտարարած մրցույթներին, հաղթել, նաև որոշ դեպքերում պարտվել, բայց պնդում է, որ ամեն ինչ արվել է գնումների մասին օրենքի սահմաններում։
«Շատ շինարարական կազմակերպություններ են մասնակցում գնումների գործընթացներին ու Կապանի համայնքապետարանի մրցույթներին մասնակից են դառնում ու պայմանագրեր կան բազմաթիվ շինարարական կազմակերպությունների հետ, այդ թվում նաև Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ: Կապանի համայնքապետարանը մեծ մասշտաբներով քաղաքաշինական ոլորտի գնումներ է իրականացնում», - ասել է նա:
Գևորգ Փարսյանի խոսքով՝ չկա արգելք, որ հոր ընկերությունը չի կարող մասնակցել գնումներին։ Գնումների մասին օրենքում շահերի բախմանը անդրադարձ կա միայն հայտերը գնահատող հանձնաժողովի մասով։ Ըստ դրա՝ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չպետք է մասնակցի գնահատմանը։ Փարսյանը նշել է՝ հանձնաժողովի անդամ չի եղել, գործընթացին չի մասնակցել։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խնդրի առնչությամբ նշել է․
«Գնումների մասին օրենքով այդ դեպքի համար իսկապես իրավական տեսակետից ամեն ինչ ճիշտ է, եթե ինքը չի հանդիսացել գնահատող հանձնաժողովի անդամ: Սովորաբար պատվիրատուի ղեկավարը մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ չի լինում», - ասել է Վարուժան Հոկտանյանը: