25/09/2024 16:13
Վահե Հովհաննիսյանը Նիդերլանդների դեսպանին շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:
Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային Բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, որոնք առաջնորդում է նիդերլանդական կողմը:
Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև Նիդերլանդների կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ և ապագա համագործակցության հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, ինչպես նաև հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը ներդնել երկկողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ: