26/09/2024 10:42
Հայկական հրուշակագործությունն ունի մեկդարյա պատմություն. «Գրանդ Քենդին» նշում է հայկական քաղցրավենիքի ստեղծման 100 տարին
1924 թվականին Երևանի հացի գործարանում կազմակերպվեց հրուշակեղենի արտադրություն: 10-ը տարի անց շահագործման հանձնվեցին Երևանի մակարոնի, իսկ 1936 թվականին կարամելի ֆաբրիկաները, որոնք հետագայում միավորվեցին և ստեղծվեց Երևանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկան: 1990 թ. գործարանն ամբողջությամբ մատնվեց անգործության:
Գործարար Հրանտ Վարդանյանը «Հայհրուշակ» գործարանի հիմքի վրա 2000 թ. ստեղծեց «Գրանդ Քենդի» ընկերությունը, և սկսվեց գործարանի վերակառուցումն ու վերածնունդը ու հայկական հրուշակագործության նոր ուղին:
«Գրանդ Քենդին» 2007 թվականից արտադրության ոլորտի ՀՀ առաջին հարկատու հանդիսացող Գրանդ Հոլդինգի ընկերությունների խմբի մաս է կազմում:
Այսօր «Գրանդ Քենդի» ընկերությունը ՀՀ սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: «Մենք արտադրում ենք ուրախություն»,- «Գրանդ Քենդի» ընկերությունն առաջնորդվում է հենց այս կարգախոսով:
Կարեն Վարդանյանի խոսքով՝ ներկայումս «Գրանդ Քենդիի» արտադրության ծավալները անհամեմատ մեծ են, քան եղել են խորհրդային տարիներին: Ընկերության արտադրանքի որակը համապատասխանում է միջազգային բարձրագույն չափանիշներին, ինչի շնորհիվ այն արտահանվում է բազմաթիվ երկրներ:
«Հպարտ ենք լինել հայկական հրուշակագործության հարյուրամյա ավանդույթների ժառանգորդը»,- նշում է Կարեն Վարդանյանը:
Գրանդ Հոլդինգը 2012 թվականից ղեկավարում են Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները:
Կարեն Վարդանյանը, բացի գործարար լինելուց, իրականացնում է նաև բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Օգնում է բուժհաստատություններին, ֆինանսապես աջակցում է բնակչության վերարտադրողականության ծրագրերին, սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, մանկատներին: Իրականացնում է նաև բնապահպանական ծրագրեր:
2019 թվականին Կարեն Վարդանյանի նախագծով, անմիջական վերահսկողությամբ և Միքայել Վարդանյանի հետ համատեղ ֆինանսավորմամբ նախագծվել և կառուցվել է Երևանի 2800-ամյակի այգին:
Կարեն Վարդանյանը կնոջ և երեք որդիների հետ ապրում է Երևանում, նախընտրելի սպորտաձևերից են ֆուտբոլը և թենիսը: