26/09/2024 18:04
Իրանն առաջարկել է Ռուսաստանի էլեկտրացանցը իր տարածքով միացնել արաբական երկրների ցանցերին
Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին առաջարկել է ռուսական էլեկտրացանցերը միացնել արաբական երկրների ցանցերին` Իրանի տարածքով։ Հայտարարությունը նա հնչեցրել է ԲՐԻԿՍ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ։
«Հաշվի առնելով մեր երկրի յուրահատուկ աշխարհատնտեսական դիրքը՝ էներգետիկայի նախարարը, շրջակա միջավայրի պահպանման և էներգետիկ անվտանգության բարձրացման նպատակով, առաջարկել է Ռուսաստանի էլեկտրացանցը Իրանի տարածքով միացնել արաբական երկրների էլեկտրացանցերին»,- նշված է ՌԴ-ում Իրանի դեսպանատան հաղորդագրությունում՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
Նշվում է, որ խոսքը Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի մասին է։
ԲՐԻԿՍ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը կայացել է Ռուսաստանի էներգետիկայի 7-րդ շաբաթվա շրջանակներում, որը տեղի է ունենում Մոսկվայում։