26/09/2024 20:02
Աբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետություն
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է արել Վրաստանին՝ ստորագրել ուժի չկիրառման մասին իրավականորեն պարտավորեցնող փաստաթուղթ և ճանաչել Աբխազիայի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան և անկախ պետություն։ Աբխազիայի ԱԳՆ-ն այս հայտարարությունը տարածել է ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության։
«Հերթական անգամ լսեցինք Վրաստանի ղեկավարության հռետորաբանությունը՝ կրկնվող, միանման տերմիններով։
Եթե Վրաստանի ղեկավարությունը շարունակի նույն ոգով, ապա անցյալի հաղթահարման հարցում դրական արդյունքների չենք հասնի։ Կրկին կոչ ենք անում Վրաստանին՝ ստորագրել ուժի չկիրառման մասին իրավականորեն պարտավորեցնող փաստաթուղթ և ճանաչել Աբխազիայի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան և անկախ պետություն»,- նշված է Աբխազիայի ԱԳՆ հայտարարությունում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դիմել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչությանը՝ «միասնական վրացական պետությունում» ապրելու կոչով։ Նա հայտարարել էր, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը պատկերացնում է միմյանց ներելու միջոցով։