26/09/2024 12:13
ԵԹԿՊԻ-ի մասնաշենքերից մեկը 10 տարով անհատույց կտրվի Ֆրանսիական դեսպանատանը
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ից գույք հետ վերցնել և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ֆրանսիական դեսպանատանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։ Դրա համար պետք է նոր, առավել ընդարձակ և լավագույնս հարմարեցված տարածք։ Ուստի ԿԳՄՍՆ-ն առաջարկում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ամրացված Երևան քաղաքի Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 546.8քառ․մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և տասը տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ֆրանսիական ինստիտուտին։
Այս որոշման նպատակներից մեկն է հիմնել լեզվի կենտրոն, որտեղ կանցկացվեն ֆրանսերենի դասընթացներ։ Դասընթացները նախատեսված կլինեն բոլոր մակարդակների համար՝ A1-ից մինչև C2, հատկապես թեստավորում (ֆրանսերենի քնություններ) անցնելու նպատակով, վերջիններս կվկայագրվեն ինստիտուտի կողմից։
Դիմորդների կարիքների համաձայն, կառաջարկվեն նաև հատուկ դասընթացներ։ Դեսպանության համագործակցության գործողությանը համաձայն՝ ֆրանսերեն ուսանելու համար կարող են առաջարկվել արտոնյալ սակագներ և տրամադրվել կրթաթոշակներ։
Ֆրանսիական ինստիտուտի ներսում կգործի Campus France և ուսումնառություն Ֆրանսիայում ծառայություն․ բարձրագույն կրթությունը Ֆրանսիայում շարունակել ցանկացող հայ ուսանողների համար տեղեկատվության, ռեսուրսների և անհատականացված աջակցության կենտրոն։
Ֆրանսիական խոշոր մշակութային հաստատություններում ԹԿԻ-ի ուսանողների պրակտիկա անցնելու դրամաշնորների ֆինանսավորում և ֆրանսիական կառավարության կրթաթոշակի տրամադրում նման հաստատություններում ուսանելու համար։