26/09/2024 09:54
«Փաստ». Ալիևը գործում է ծանր բնույթի հանցագործություն և դրա հանցակիցն է դառնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը
«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն զգացողություն է, որ եթե իրավաբանները, իրավական կազմակերպությունները, անհատներն ու լրատվամիջոցները չբարձրաձայնեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների մասին, հարցը քիչ-քիչ դուրս կմղվի օրակարգից: Չնայած Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին, որ այս ուղղությամբ քայլեր արվում են, արդյունքը մեզ տեսանելի չէ:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ քայլեր արվում են Ադրբեջանի կողմից: «Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թ.-ին և հետագայում գերեվարվածներից 210 անձ վերադարձել է Հայաստան: Նրանք վերադառնում են, բայց խնդիրն այն է, թե ինչ պայմաններով են վերադառնում: Ալիևի համար գերեվարված անձինք, թող նրանք ինձ ներեն, «առևտրի առարկա են դարձել»:
Հանձին Հայաստանի օրվա իշխանությունների, Ադրբեջանը գտել է շատ լավ գործընկեր այդ առևտրի համար: Ամեն ինչ արվում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ և գործընկերական հարաբերությունների մեջ մտած անձանց կողմից, որոնցից ամեն մեկը ներկայացնում է իր երկրի իշխանությունը: Երբ Ալիևը, ի հակառակ միջազգային մարդասիրական իրավունքի, ռազմական ակտիվ գործողությունների ավարտից անմիջապես հետո չի վերադարձնում ռազմագերիներին, ապա գործում է ծանր բնույթի հանցագործություն, մարդասիրական իրավունքի ոտնահարում, և դրա հանցակիցն է դառնում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը»։