26/09/2024 11:42
Տնտեսական աճը կանխատեսվել է 5.6 տոկոս, միջին գնաճը` 3.5 տոկոս. կառավարությունը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը (Տեսանյութ)
Կառավարությունը հավանություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով կառավարությանը թույլատրվում է 2025 թվականի պետական բյուջեի փաստացի ձևավորված տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին ֆինանսավորել կապիտալ ծախսերի գծով 2024 թվականին ստանձնված, սակայն դեկտեմբերի 31-ի դրությամբ չիրականացված պայմանագրային պարատավորությունները:
2025-ի բյուջեի մասին նախագծում առանձին հավելվածով կներկայացվեն 2025-ի պետբյուջեում ներառված այն միջոցառումները, որոնք ունեն հստակ սահմանված ավարտի ժամկետ:
2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքում կառավարության ուղերձում վերանայվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով սահմանված մակրոտնտեսական ու հարկաբյուջետային շրջանակները:
Նախարարի խոսքով` 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 50 միլիարդ դրամ, տնտեսական աճը` 5.6 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորը 3.5 տոկոս, միջին գնաճը` 3.5 տոկոս։
«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները` 2 տրիլիոն 760 միլիարդ դրամ: Ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ 0.1, իսկ 2024 թվականի սպասողականի համեմատ ` 0.7 տոկոսային կետով»,- նշեց նա:
Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով` 2 տրիլիոն 749 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 միլիարդ դրամ:
Ծախսային քաղաքականությունը միտված է լինելու նաև ՀՀ պաշտպանական համակարգի ամրապնդմանը` բարձրացնելով երկրի դիմադրողականությունը հնարավոր ռիսկերի հանդեպ:
Պետբյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 միլիարդ դրամ:
Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5 տոկոս:
Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: