26/09/2024 09:56
«Ժողովուրդ». Փաշինյանը հայտարարեց, որ «զինվորականները պետք է լավ ապրեն» ու խաբեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի մայիսի 9-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում, բարձրագույն սպայական կազմին ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն»։
Սակայն այդ ելույթից հետո ՀՀ Կառավարությունը շարունակ հետևողականությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն է բարձրացրել, իսկ զինծառայողներինը՝ ոչ այդքան: Ավելին, զինվորականները շատ վատ պայմաններում են ապրում նաև զորամասերում. կենցաղը զորամասերում՝ ծակ վրաններ, ցեխերի մեջ մահճակալ կամ պարզապես բաց երկնքի տակ։ Կառավարությունը բարելավելու փոխարեն քրեական գործեր է հարուցել տեսանյութեր նկարահանելու և այդ պայմանները ցուցադրելու համար։
Զինվորների բնակության վատ պայմանների պատճառը երբեմն նաև ողբերգական ավարտ է ունեցել։ Մասնավորապես, 19․01․2023թ․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված տնակներից մեկում հրդեհից զոհվեց 15 զինվոր»։