26/09/2024 09:39
«Ժողովուրդ». Ինչ նպատակով է առողջապահության փոխնախարարը բիզնես կլասով «շտապ գործուղվել» Նիդերլանդներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը բիզնես կլաս դասի տոմսով ուղևորվել է Նիդերլանդների թագավորություն 2 օրով։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ բիզնես կլաս դասի տոմսի արժեքը կազմել է 1.168 741 դրամ։
Գիշերավարձի 2 օրվա համար առողջապահության նախարարի տեղակալը վճարել է 87.511 դրամ, իսկ 3 օրվա օրապահիկի համար՝ 140.103 դրամ, որի 1 օրվա վճարը հավասար է 111 եվրոյի։
«Ժողովուրդ» օրաթերթը ո՛չ առողջապահության նախարարությունից, ո՛չ պաշտոնական այլ աղբյուրից այդպես էլ չգտավ տեղեկություն, թե ինչ նպատակով է փոխնախարարը բիզնես կլասով «շտապ գործուղվել» Նիդերլանդներ:
Նշենք, որ Լևոն Հակոբյանը 2019 թվականին աշխատել է որպես ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, իսկ 2020-2023 թվականներին` «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: 2023-2024 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական: Բժշկական գիտությունների թեկնածու է: Առողջապահության նախարարի տեղակալ կրկին նշանակվել է 2024 թվականի մարտի 27-ին ու համարվում է նախարարի վստահելին և «աչքն ու ականջը» թիմի ներսում»։