27/09/2024 12:32
Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավապաշտպան
Այս մասին ասվում է freearmenianprisoners.com-ում։
«Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է,-ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ -Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին»:
Չնայած Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի և համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու մասին բազմաթիվ կոչերին, Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:«Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը,- նկատել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը: – Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին»։