27/09/2024 09:52
«Ժողովուրդ». «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովո՞ւրդն է». Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ժողովրդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»:
Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժողովրդից թաքուն, առանց խորհրդակցելու, առանց Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելու, ստորագրեց փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, որով Ադրբեջանին էր անցնում Արցախի ավելի քան 75 տոկոսը։
2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել փաստաթղթի, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս փաստաթղթին հավանություն տալուց առաջ Նիկոլ Փաշինյանը չի քննարկել հանրության հետ, չի լսել հանրության կարծիքը, Հանրապետության հրապարակում չի հավաքել ժողովրդին, ինչպես խոստանում էր։ Այդ համաձայնության մասին, հանրությունը իմացել է մամուլի արտահոսքերից, պաշտոնական հայտարարություն չի արվել։
2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։
Այս փաստաթուղթը ևս ընդունվել է՝ առանց ժողովրդի իմացության և գործընթացին՝ ժողովրդի մասնակցության։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին»։