27/09/2024 12:14
Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Լուսանկարներ
Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։
Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Ապա Վեհարանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը: