27/09/2024 09:37
«Հրապարակ». Բերման է ենթարկվել Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը, որը մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ կեսօրից հետո, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ շոու են բեմադրել Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում` 20 հոգու բերման են ենթարկել. տնօրենին, նրա տեղակալին, ամբիոնի վարիչների, հաշվապահին, դասախոսների, անգամ՝ ուսանողների: Բերման է ենթարկվել նաև ռեկտորը` Լեռնիկ Պետրոսյանը, որը մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ինչ-որ գործ է քննվում` տարբեր մեղադրանքներ են ներկայացվել բուհի աշխատողներին և ուսանողներին: Իբրև թե` ուսանողները դասի չեն հաճախել, բայց քննություն, ստուգարք են ստացել: Ինչ-որ ֆինանսական չարաշահումների մեղադրանք էլ կա: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, որի հրամանով նշանակվում է Կապանի մասնաճյուղի տնօրենը, մեզ հետ զրույցում ասաց, որ Լեռնիկ Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, և նշեց, թե մասնաճյուղի աշխատակիցներից է իմացել, որ իրավապահները գործողություն են իրականացնում Կապանի մասնաճյուղում։
«Պաշտոնապես որևէ տեղեկություն չունենք, մասնաճյուղի աշխատակիցներից ենք իմացել, որ ուժայինները գործողություն են իրականացնում մասնաճյուղում»,- ասաց նա։ Նկատենք, որ Կապանի մասնաճյուղի ռեկտորին նշանակելու հարցում դերակատարում է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի միջնորդությունը: Իսկ Սյունիքում իշխանությունը երկու թևի է բաժանված. մարզպետը` իր մտերիմ համայնքապետերի ու իր նշանակած պաշտոնյաների հետ, մյուս թևում Դավիթ Դանիելյանն է, Գևորգ Փարսյանը և այլ պաշտոնյաներ:
Հ.Գ Ուշ երեկոյան տեղեկացանք, որ բուհից հետո խուզարկել են նաև ռեկտորի տունը: Երեկվա տվյալներով ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը, ինչպես նաև ռեկտորի քեռու կինը՝ Անիկ Խաչատրյանը ոստիկանության Կապանի ՁՎՊ են տեղափոխվել»։