28/09/2024 13:19
Եկեղեցին շարունակում է պայքարել, ես պնդում եմ, որ իշխանությունը եկեղեցու հարցերը չի կարող լուծել. Միքայել Սրբազան (Տեսանյութ)
Այս ընթացքը կանգնեցնելու համար պետք է մտքի ու վարքի փոփոխություն, քանի դեռ հնազանդություն չկա Աստծո նկատմամբ, քանի դեռ պատվիրանների հանդեպ վերաբերմունքն ընտրողական է՝ թե այս պատվիրանն ընդունելի է ինձ համար, այս մեկը ոչ, թե եկեղեցին այստեղ սխալ է, այստեղ ճիշտ, չենք կարող ունենալ դրական փոփոխություն, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Համազգային մակարդակի ինքնախաբեություն է, թե հանրությունը եկեղեցուց մեծ սպասելիքներ ունի. մարդիկ պարզապես ուզում են, որ եկեղեցին անի այն, ինչ իրենք են ճիշտ համարում, դիցուք՝ ես չեմ ուզում, որ եկեղեցին իշխանությանը հրավիրի, ո՛չ, ես ուզում եմ, որ եկեղեցին հրավիրի իշխանությանը։ Երկու կողմն էլ եկեղեցուց ճիշտ ակնկալիքներ չունի, իրենք միայն ուզում են, որ եկեղեցին բավարարի իրենց քմահաճույքը, այդպես չի կարող լինել։ Հայ ժողովրդի տարբեր խավերի սպասումները խիստ եսասիրական են, այնինչ միակ սպասելիքն այն պետք է լինի, որ տեսնեն՝ եկեղեցին ինչ է ասում, որ ըստ այդմ առաջնորդվեն»։
Միքայել Սրբազանն ընդգծում է՝ եկեղեցին պոպուլիզմով չի զբաղվում. ո՛չ պետք է լինի ժողովրդի կողքին, ո՛չ իշխանության։ Եկեղեցին պետք է լինի ճշմարտության կողքին, եվ երբ ճշմարտությունը ո՛չ ժողովրդին է ձեռնտու, ո՛չ իշխանությանը, եկեղեցուն հալածում են թե՛ իշխանությունը, թե՛ եկեղեցին, ինչը որ դուք տեսնում եք հիմա։
«Երբ հայ ժողովուրդը հեռացավ եկեղեցուց, խորտակվեց, որովհետև եկեղեցին հայ ժողովրդի համար ամեն ինչ էր. ինքնություն էր, մշակույթ, ճարտարապետություն, գրականություն, պատմություն, ինքնավարություն, պետություն, կենցաղավարություն։ Եվ երբ ժողովուրդը բաժանվեց եկեղեցուց, ինքնաբերաբար կորցրեց ամեն ինչ. Հրանտ Մաթևոսյանի կողմից սա ֆանտաստիկ ախտորոշում է։ Հայ ժողովուրդը կորցրել է ամեն ինչ և խարխափում է, չի ուզում ճշմարտությունը տեսնել, որովհետև դա զոհողություն է պահանջում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։