28/09/2024 19:43
Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Փաշինյանը գնացել է Էրդողանենց տուն (այսպես կոչված «Թուրքիայի տունը» Նյու Յորքում)։ Գնացել է խնդրելու, որ Էրդողանը Ալիևին համոզի մի թղթի կտորի վրա ստորագրել, որի վրա գրված լինի «խաղաղություն»։ Թղթի բովանդակությունն ու դրա հետագա հետևանքները կարևոր չեն։ Կարևոր է, որ թուղթ լինի, որ ինքը ժողովրդին ասի․ «խաղաղություն եմ բերել»։ Այդ թուղթն իրեն պետք է բացառապես վերարտադրվելու համար, քանի որ այն երբեք խաղաղություն չի երաշխավորի, ոչ միայն այն պատճառով, որ թղթերը խաղաղություն չեն երաշխավորում, այլ հենց թեկուզ այն պատճառով, որ այդ թղթով որևէ սկզբունքային հարցի պատասխան նույնիսկ չի էլ տրվում։ Եթե տրվեր, ամբողջական տեքստ կլիներ, այլ ոչ թե «համաձայնագրից քաղվածք»։
Եվ ինչպես ընդունված է հատկապես արևելքում, Փաշինյանն Էրդողանենց տուն դատարկ ձեռքով չէր գնացել, մանավանդ, որ խնդրանքով էր գնացել։ Տարել էր դատարկ թղթապանակ, որի վրա գրված էր «խաղաղության խաչմերուկ»։ Ակնարկն ակնհայտ է․ եթե Ալիևը ստորագրի այդ թղթի կտորը, ինքը Թուրքիային միջանցք կտա։ Կարծում եմ հասկանում եք, որ այդ միջանցքը Թուրքիային միգուցե ավելի է պետք, քան Ադրբեջանին։
Այնպես որ, գարշելի պատկերի տակ ավելի գարշելի ու վտանգավոր իրականություն է թաքնված։ Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ, պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը, իշխանությունը, Նյու Յորքում հեծանիվ քշելու վայելքը․․․․»։