28/09/2024 15:42
Վրաստանում հոկտեմբերի 26-ը կարևոր օր է, դրանից հետո՝ առավել կարևոր. իրադարձությունները կարող են ազդել նաև Հայաստանի վրա. Ալեքսանդր Մարգարով (Տեսանյութ)
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում սպասվում են ընտրություններ։ Երկու հիմնական ճամբար կա՝ «Վրացական երազանք»-ը և հավաքական ընդդիմությունը՝ բազմագույն, բազմաձայն, որին միավորում է մեկ բան՝ հանդես գալ Իվանիշվիլու դեմ։ «Վրացական երազանք»-ի փաստացի առաջնորդի վերջին հայտարարությունը օսերից ներողություն խնդրելու մասին ոչ թե վրացական զգայուն հասարակության արձագանքը ստուգելու համար էր, ո՛չ, արձագանքն արդեն իսկ պարզ է, այլ պարզապես ցուցիչն էր Իվանիշվիլու ինքնավստահության, սեփական ուժերի հանդեպ վստահության, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։
«Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունենալու ընտրության օրը, այլ նաև այն, թե ինչպիսի հետընտրական զարգացումներ կլինեն։ Պարտության դեպքում մեծ հավանականությամբ ընդդիմությունը կդիտարկի ընտրության արդյունքները վիճարկելու հարցը և բողոքի գործողություններ կիրականացնեն։ Հարց է՝ ինչքանով է այն լինելու կազմակերպված, և Վրաստանի ուժայինները որքանով են պաշտպանելու գործող իշխանությանը։
Պարզ է մեկ բան՝ Վրաստանում անկայունություն առաջին հերթին պետք չէ Վրաստանին և հետո՝ մեզ։ Ցանկացած անկայունություն Վրաստանում անդրադառնում է Հայաստանի վրա. 2008 թվականի պատերազմի ժամանակ, երբ ճանապարհները Վրաստանի ուղղությամբ արգելափակվել էին, Հայաստանում կարող էր առաջանալ պարենային անվտանգության խնդիր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։