28/09/2024 13:39
Մեր հանրությունն իր անգործությունն արդարացնելու համար քավության նոխազ դարձնում է Ռուսաստանին. Հայկ Խալաթյան (Տեսանյութ)
Բոլոր հետխորհրդային երկրներում այդ հասարակությունների հետ աշխատանքի հարցում ռուսական կողմն ունի խնդիրներ, նույնիսկ ռուս պաշտոնյաներն ու փորձագետներն են ընդունում, որ փափուկ ուժի, հակառուսական քարոզչության դեմ պայքարելու հարցում խնդիրները շատ են։ Հատկապես Արցախում տեղի ունեցածից հետո հակառուսական տրամադրությունները սրվել են, դրանք, իհարկե, որոշ չափով հիմնավոր են, բայց, կարծում եմ, որ մեր հանրությունը սեփական անգործությունն ու սխալներն արդարացնելու համար փնտրում է մեկին, որի վրա կբարդի ամբողջ մեղքն ու դա անելու համար էլ պատասխանատվություն չի կրի։ Եթե հանրությունը մեղադրի սեփական երկրի իշխանությանը, ապա դրան պիտի համապատասխան վարք ու գործողություններ հաջորդեն, ահա հատկապես հենց այս պատճառով էլ քավության նոխազ են դարձնում Ռուսաստանին, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Վերելք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
«Կարծում եմ՝ նույնիսկ ցանկության դեպքում փափուկ ուժի կիրառման հարցում Ռուսաստանը չի կարողանալու արագ արդյունքի հասնել. Արևմուտքն այս հարցում լուրջ առաջատարություն ունի։ ԱՄՆ-ն երկարաժամկետ է խաղում, որովհետև վստահ է՝ եթե անգամ այս պահին որևէ երկրում անհաջողություն ունենա, փափուկ ուժի շնորհիվ ժամանակի ընթացքում իր նախընտրած կերպով կուղղորդի զարգացումը։ Ռուսաստանում, քանի որ փափուկ ուժը թույլ է, հաճախ գայթակղություն կա կոշտ ուժի միջոցով հարցը լուծել, գնալ ավելի հեշտ ճանապարհով, բայց փորձագետներն էլ են հասկանում, որ միշտ չէ, որ նպատակահարմար է հենց կոշտ ուժի միջոցով արդյունքի հասնել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։