28/09/2024 15:19
ՀՀ-ում առողջության պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով
Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով:
Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Մարդը վարակվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կծելուց, վնասված մաշկի, հազվադեպ` շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա թքի ընկնելիս, այնուհետև վիրուսը թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ` առաջացնելով բորբոքումներ:
Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջանում են ջղաձգումներ, և կենդանին սատկում է: Կենդանու թուքը 8-10 օր (մինչև հիվանդության արտահայտված ախտանշանների ի հայտ գալը) վարակիչ է: Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի և ավելի է։
Համեմատաբար երկար գաղտնի շրջանը հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերքի մանրակրկիտ մշակում, կատաղության դեմ պատվաստում` սահմանված դեղաչափերով, և ըստ անհրաժեշտության՝ իմունոգլոբուլինի ներարկում:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ մեր երկրում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով: