28/09/2024 17:43
Հայկական շախմատի տրիումֆի համաշխարհային արձանագրումը․ Պատմական էքսկուրս
Հայկական շախմատի պատմական նվաճումների համաշխարհային արձանագրումն էր Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով կայացած միջոցառմանը Հայաստանի տղամարդկանց հավաքականը 100-ամյակի լավագույն թիմ ճանաչելը։
Ընդամենը երեք տասնամյակում մեր գրոսմայստերական ընտրանին հասավ այնպիսի տպավորիչ հաղթանակների, որ դրանք ստվերում թողեցին շախմատային երբեմնի գերտերությունների նվաճումները։ Անկախացած Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի տղամարդկանց թիմն առաջին իսկ միջազգային ստուգատեսից մինչև օրս պայքարել է ամենաբարձր տեղերի համար, 1992, 2002 և 2004 թվականների համաշխարհային օլիմպիադաներում նվաճել է բրոնզե մեդալներ, և հենց 2004-ն էր բեկումնային նոր բարձունքների ձգտող հայկական շախմատի համար, երբ փոխվեց ազգային ֆեդերացիայի նախագահը։ Այդ իրադարձությանը հաջորդեցին միջազգային մամուլի բնորոշմամբ Հայկական ոսկե հավաքականի տրիումֆները Թուրինի (2006), Դրեզդենի (2008), Ստամբուլի (2012) օլիմպիադաներում, Նինբոյի (2011)՝ աշխարհի թիմային առաջնությունում։ 2022 թվականի օլիմպիադայում մեր հավաքականը ցույց տվեց առաջին արդյունքը և միայն լրացուցիչ ցուցանիշներով արժանացավ արծաթե մեդալների։ Աշխարհի թիմային առաջնություններում հավաքականն արժանացել է նաև չորս բրոնզե մեդալների (1997, 2001, 2005, 2015), Եվրոպայի թիմային առաջնություններում 1999 թվականին նվաճել է չեմպիոնի տիտղոսը, 2007 և 2015 թթ.՝ փոխչեմպիոնի կոչումը, 1997 և 2023 թթ. արժանացել է բրոնզե մեդալների։
ՖԻԴԵ-ի որոշման տրամաբանությունը հիմնված է այն բացառիկ հանգամանքի վրա, որ թեև օլիմպիադաներում հաղթանակների քանակով Հայաստանը զիջում է միայն այժմ արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ-ին, մեր ընտրանին երբեք խաղացողների հավաքական ներուժով կամ միջին գործակցով չի եղել համաշխարհային ստուգատեսների ֆավորիտն ու հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն մշտապես գրավել է դասակարգվածից ավելի բարձր տեղեր՝ մրցակիցներին գերազանցելով թիմային ոգով ու հաղթողի հոգեբանությամբ, միասնաբար համառ պայքար մղելու հավաքական կամքով։