29/09/2024 09:56
Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:
Ներսես Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ. Նշան: Ներսես Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգում են տոնի օրը:
Սրբազան այդ մասունքը մինչև 1021 թվականը մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Նրա մահից հետո մասունքը նորից փոխադրում են նախկին վայրը, որտեղից 1651 թվականին գերեվարվում է Խոշաբ: Սակայն 1655 թվականին ազատվելով՝ զետեղվում է Վանի Սբ. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սբ. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը: