30/09/2024 22:41
Լեղուղիների հիվանդություն․ Նշանները
Լեղուղիները լեղի կոչվող մարսողական հեղուկը լյարդից տեղափոխում են դեպի բարակ աղիներ: Առաջնային սկլերոզացնող խոլանգիտի դեպքում բորբոքումն առաջացնում է լեղուղիներում սպիական փոփոխություններ: Այս սպիները կոշտ ու նեղ են դարձնում լեղուղիները և աստիճանաբար հանգեցնում լյարդի լուրջ վնասման։ ԱՍԽ-ով մարդկանց մեծամասնությունը նաև ունի աղիների բորբոքային հիվանդություն, ինչպիսիք են խոցային կոլիտը կամ Կրոնի հիվանդությունը:
Այն ի վերջո կարող է հանգեցնել լյարդային անբավարարության, կրկնվող վարակների և լեղուղիների կամ լյարդի ուռուցքների: Լյարդի փոխպատվաստումը ծանր ԱՍԽ-ի միակ հայտնի բուժումն է, սակայն փոքր թվով հիվանդների դեպքում հիվանդությունը նաև կարող է կրկնվել փոխպատվաստված լյարդում:
ԱՍԽ-ի բուժումը կենտրոնանում է լյարդի գործունեության վերահսկման, ախտանիշների կառավարման և, հնարավորության դեպքում, որոշ միջամտությունների վրա, որոնք ժամանակավորապես բացում են խցանված լեղուղիները:
Առաջնային սկլերոզացնող խոլանգիտը հաճախ ախտորոշվում է նախքան ախտանիշների ի հայտ գալը, երբ սովորական արյան թեստը կամ որևէ այլ առողջական վիճակի համար արված ռենտգենը ցույց է տալիս լյարդային շեղումներ:
Վաղ գանգատներն ու ախտանիշները հաճախ ներառում են՝
հոգնածություն,
քորի առաջացում,
դեղնած աչքեր և մաշկ (դեղնուկ),
որովայնային ցավ:
Բազմաթիվ մարդիկ, ում մոտ ախտորոշվել է ԱՍԽ, նախքան ախտանիշներ ունենալը, շարունակում են մի քանի տարի շարունակ ընդհանուր առմամբ իրենց լավ զգալ: Սակայն, չկա որևէ հուսալի միջոց՝ կանխատեսելու, թե որքան արագ կամ դանդաղ ինչ-որ մեկի մոտ կզարգանա հիվանդությունը:
Գանգատներն ու ախտանիշները, որոնք կարող են ի հայտ գալ հիվանդության հարաճուն զարգացման ընթացքում, ներառում են՝
ջերմություն,
դող և սարսուռ,
գիշերային քրտնարտադրություն,
մեծացած լյարդ (հեպատոմեգալիա),
մեծացած փայծաղ (սպլենոմեգալիա),
քաշի կորուստ:
Երբ լյարդից լեղու արտահոսքը կտրուկ խանգարվում է (լեղու կանգ), զարգանում է սուր խոլանգիտ: Սա կյանքին վտանգ ներկայացնող վիճակ է, որը բնորոշվում է հետևյալ լրացուցիչ ախտանիշներով:
Մուգ մեզ. մեզի մգացումը պայմանավորված մեզում բիլիռուբինիով, որի ավելցուկային քանակներն արյունից զտվում են երիկամներով և օրգանիզմից հեռացվում մեզով:
Մալաբսորբցիայի համախտանիշ. բարակ աղիում ճարպերի ներծծման սուր խանգարումը հանգեցնում է ստեատոռեայի, ինչես նաև ճարպալույծ վիտամինների (վիտամին A, D, E և K) ներծծման կրճատմամբ և դրանց սուր անբավարարությամբ:
Դռներակային հիպերտենզիա. զարգանում է որպես ցիռոզի բարդություն և դրսևորվում է կերակրափողային կամ պորտային շրջանի լայնացած երակներով, ինչպես նաև լյարդային էնցեֆալոպաթիայով:
Պայմանավորվեք և այցելեք բժշկի, եթե ունեք ուժեղ, անբացատրելի քոր ձեր մարմնի մեծ մասում կամ համառ քոր, որը շարունակվում է, անկախ նրանից, թե որքան եք քորում: Նաև դիմեք ձեր բժշկին, եթե անընդհատ հոգնածություն եք զգում՝ անկախ նրանից, թե ինչ եք անում:
Հատկապես կարևոր է բժշկի ուշադրությունը հրավիրել անբացատրելի հոգնածության և քորի վրա, եթե ունեք խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն, որոնք երկուսն էլ աղիների բորբոքային հիվանդության տեսակներ են:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն