30/09/2024 14:17
Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակում են
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով նաև նոր ոլորտներ:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ հատուկ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգին, այդ թվում՝ ԵՄ հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։
Նախարարի տեղակալն անդրադարձել է տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: