30/09/2024 19:08
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները» թեմայով նիստ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաղորդագրություն է տրաաածել, որում նշված է․
«Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները և իրավակիրառ պրակտիկան» թեմայով նիստ:
Նիստին մասնակցել են ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, Եվրասիական տնտեսական միության դատարանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները:
Նիստին որպես խոսնակ հանդես է եկել ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ով անդրադարձել է բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտին, չարաշահման հիմնական դրսևորումներին և այդ ուղղությամբ Հայաստանի մրցակցային մարմնի իրավակիրառ փորձին:
Բանախոսները ներկայացրել են նաև մրցակցության գործերի վերաբերյալ ԵԱՏՄ դատարանի իրավական դիրքորոշումներին, ԵԱՏՄ շուկաներում մրցակցության ազդեցությունների կանխարգելման «գորշ գոտիների» առկայությանը, էլեկտրոնային հարթակների գործունեության վերաբերյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ իրենց փորձն ու տեսակետները:
Համաժողովի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աջակցությամբ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը կազմակերպել էր նաև հանրային ընդունարան գործարար համայնքի համար:
Հանրային ընդունարանը ԵԱՏՄ բիզնես հանրության հետ ուղիղ երկխոսության բաց հարթակ է, որի շրջանակում ներկայացվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, քննարկվում են բիզնեսին հուզող խնդրահարույց հարցերը և դրանց լուծման ուղիները»: