01/10/2024 15:43
Հայաստանը կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան ներկայում. Փոխնախարար
Հայաստանը կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան ներկայում է անում, այս մասին Երևանում անցկացվող ԵԱՏՄ համաժողովի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Մենք մոտավորապես 7 մլրդ ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա ենք տարեկան օգտագործում, սակայն կարող ենք արտադրել ու արտահանել ևս 7 մլրդ ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ի՞նչ է դա նշանակում. մենք հիմա վճարում ենք հզորությունների համար, որոնք այս պահին չեն աշխատում։ Եթե ԵԱՏՄ անդամ երկրների հետ լինի ինտեգրացիա, ապա մենք հնարավորություն կտանք, որ այդ հզորություններն անընդհատ աշխատեն։ Արդյունքում` մեր սպառողները ստիպված չեն լինի վճարել այդ հզորությունների համար, որոնք այսօր ուղղակի չեն աշխատում», - ընդգծել է փոխնախարարը։
Քննարկման ժամանակ նշվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում էլեկտրաէներգիայի ամենամեծ պաշարն ունի ՀՀ-ն:
Վարդանյանի խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանը չունի ընդհանուր սահման, սակայն ՀՀ կառավարությունը մտադիր է կառուցել էլեկտրահաղորդման կայաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի Վրաստանի միջոցով ապահովել էլեկտրաէներգիայի հաստատուն մատակարարում։
Վարդանյանի կարծիքով` դա կնպաստի բարձրացնել մեր երկրի էներգետիկ անվտանգությունը և չպահել այդքան մեծ պահուստներ, որոնք խիստ անհրաժեշտության դեպքում են միայն պետք։